Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կգամ քեզ հետ, գնանք, ուր որ ուզում ես։

Մնացած քույրերը ցավալի լացով ու սուգով բարձրացան դեպի երկինք, անհետացան կապուտակ երկնքում, իսկ Բարձր փետրավորը իր Աստղ—կնոջը բերեց իրենց վրանը Կռվի գետի ափերին։ Իր երկնային հարսին տեսնելով, շատ ուրախացավ երիտասարդ որսկանի մերը, բայց որդու ականջին շշնշաց․

— Երբեք չհեռանաս քո կնոջից, եթե ուզում ես դրան պահես․ ուր որ գնաս, հետդ տար անբաժան։

Էնպես էլ արավ երիտասարդ որսկանը։ Իր կնոջ համար էլ նետ ու աղեղ շինեց ու միշտ հետը որսի էր տանում, բայց կինը երբեք չէր հոժարում նետ արձակելու, երբեք չէր ուզում սպանի, ինչ շունչ կենդանի ուզում էր լիներ, և երբեք որսի միս չէր ուտում, եթե սպանում էին ուրիշները։ Նա անտառներում ու մարգագետիններում միայն մոռ, մորի, հաղարջ և ուրիշ պտուղներ էր քաղում ուտում, մին էլ՝ բրինձ։ Էսպես էր ապրում։

Մի անգամ էլ, երբ ջահել կինը զբաղված էր իր ձեռագործով և փետուրներից ասղարուր աստղեր էր շինում իր տոնական զգեստի վրա, իսկ որսկանի մերը գյուղի մյուս ծերին զրույց էր անում իր ծանոթների վրանում, որտեղից որ էր ներս թռավ մի փոքրիկ դեղին թռչնակ, վեր եկավ Բարձր փետրավորի ուսին ու ականջին ծլվլաց․

— Ձեր մոտիկ լճի վրա վեր է եկել վայրի կարապների երամը։ Եթե չուշանաս, շուտ հասնես և զգույշ մոտենաս, կարող ես նրանցից բռնել, թե չէ՝ ուր որ է կթռչեն։ Միայն կնոջդ չիմացնես։ Կարմիր կարապները կանանց տանել չեն կարող։ Ձեռաց հոտը կառնեն, թեկուզ մի մղոնի վրա, ու կթռչեն։

Բարձր փետրավորը ոչ թե կարմիր կարապ չէր տեսել իր օրում, այլ չէր էլ լսել, թե կարմիր կարապ կլինի։ Իր գլխի կարապի կարմիր փետուրն էլ ինքն էր ներկել։ Մտիկ արավ, տեսավ կինը զբաղված է իր ձեռագործով ու գլուխը քաշ արած աստղեր է ասեղնագործում, կամաց դուրս սահեց, մտածելով, թե էնպես շուտ կվերադառնա, որ նա իսկի չի իմանալ թե երբ գնաց, երբ եկավ։ Բայց դուրս գնաց թե

298