— Իմ ամուսնուն էլ բեր երկինք,— պատասխանեց աղջիկը։
Ու երկիր իջեցրեց նվիրական զամբյուղը երկնային ծերունին։
Բայց ի՞նչ եղավ Բարձր փետրավորը։
Լճի ափը գնաց Բարձր փետրավորը, տեսավ կարմիր–կարմիր կարապների մի գեղեցիկ բազմություն։ Երկուսին սպանեց, մնացածը փախան։ Սպանած կարապներն առավ, շտապեց վրանը։ Եկավ տեսավ ձեռագործը կիսատ ընկած, ու կինը չկա։ Սկսեց կանչել, պատասխան չկա։ Սպանած կարմիր կարապներն ուսով ձգած վրանից դուրս վազեց դեպի խորհրդավոր շրջանը՝ էնտեղ էլ չկար։
Վճռեց հենց էնտեղ էլ մնալ ու սպասել նրա վերադարձին, թեկուզ մինչև աշխարհքի վերջը։ Ընկավ գետին, խոտերի մեջ պառկեց ու հայացքը աստղերին սևեռած նայեց, նայեց, մինչև հոգնեց, քունը տարավ։
Առավոտը վաղ աչքը բաց արավ, խոտերի մեջ լսեց մի շրշյուն․ մտիկ տվեց՝ կողքին ծանոթ զամբյուղը։ Վեր թռավ ու խենթի նման, սպանած կարապներն էլ ուսին, ընկավ զամբյուղը։ Տեսավ զամբյուղը դատարկ, մեջը ոչ ոք չկա, ու մինչև ուզեց դուրս գա, արդեն անցել–հասել էր երկնքի ու երկրի մեջտեղը ու արագ սլանում էր դեպի վեր։ Սլացավ, սլացավ, վերջապես հասավ Աստղերի աշխարհը, որտեղ սպասում էր իրեն սիրելի կինը։ Կնոջ հերը նրանց մի սքանչելի կապույտ վրան նվիրեց։ Էն կապույտ վրանում նրանք ապրում էին երջանիկ։ Բարձր փետրավորը՝ միառժամանակ հարբած երկնային վայելքներով ու իր հրեղեն կնոջ սիրով, կատարելապես երջանիկ էր, բայց կամաց-կամաց սկսեց ձանձրանալ ամպեղեն պտուղներից, որոնցով սնվում էին Աստղերի աշխարհում նրանց բնակիչները, սկսեց կարոտել հաստատուն կանաչ դաշտերին, որսերին ու թախանձեց կնոջ հորը, որ բաց թողնի իրեն իր կնոջ հետ միասին նորից դեպի երկիր։
— Ո՛չ, անկարելի է,— պատասխանեց կնոջ հերը,— թե թողնեմ, էլ երբեք չեմ տեսնիլ նրան։ Դու էլ մնա՛ մեզ մոտ ու շուտով կմոռանաս ձեր տխուր երկիրը։
Երիտասարդ որսկանը պատասխանի փոխարեն հագավ
300