Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր սպանած կարմիր կարապներից մի զույգի թևերը, մյուս զույգի թևերն էլ կնոջը տվեց, ու վար ճախրեցին Աստղերի աշխարհից դեպի ցած, նորից իջան երկիր, իրենց դաշտերը, իրենց վրանը, ուր Բարձր փետրավորի պառավ մերը ողբում էր իրենց կորուստը։

Երբ տեսավ՝ վերադարձան, անսահման ուրախացավ պառավ մերը, ուրախացան ամենքը գյուղում, մեծ խնջույք սարքեցին, ուրախություն արին ու երկար, երկար երգեցին ու պարեցին։

Որսկանի Աստղ կինն էլ վերջացրեց իր ասղարուր աստեղազարդ տոնական զգեստը, հագավ, մտավ հնդիկների շարքը և պարում, երգում էր նրանց հետ։ Էլ երբեք չվերադարձավ էն շրջանը, ուր իջնում էին իր հրեղեն քույրերը։ Ապրում էր պտուղներով ու հացահատիկներով, որովհետև չէր սիրում սպանել, բացի մեկից, էն փոքրիկ դեղին թռչնակից։

Մի անգամ էլ, երբ ուրիշ կողմ էր Բարձր փետրավորի ուշքը, նորից ներս թռավ էն փոքրիկ դեղին թռչնակը, թառեց կնոջ ուսերին ու սկսեց շշնջալ, բայց կինը բռնեց, նրա վիզը ոլորեց։ Էն էր ու էն, էն օրվանից էլ չեկավ, չերևաց թևավոր փորձիչը։ Եվ էն ճոխ հովիտում, Կռվի գետի ափին իրենց խաղաղ վրանում, անբաժան ու երջանիկ իրար հետ ապրում էին ջահել որսկանն ու աստղերից իջած կինը։