Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կախարդի որջին մոտենա, ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ-առողջ վերադառնում է տուն։

Էսպեսով հասնում են աշունքը։ Մի աշունքվա իրիկուն մերը երեք աղջկա ձեռքն էլ գործ է տալի, էն էլ՝ դաս։ Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը՝ գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ։ Էս Կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած, ու ինքը պառկում է քնի։

Աղջիկները բանում են։ Բանելու ժամանակ որ մոմի պատրույգն էրվում է, խորթ մոր աղջիկներից մինը մաղաշն (ունելիքը) առնում է, իբրև թե մոմի քիթը կտրի, ուղղի։ Ուղղելու փոխարեն, իբրև թե հանկարծ, լույսը հանգցնում է։ Դու մի՛ ասիլ՝ մերն է սովորցրել, որ էդպես անի։

— Հիմի ի՞նչ անենք,— ասում են աղջիկները։— Լույս չկա, դասներս էլ կիսատ են։

— Ի՞նչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք Կախարդ պառավից կրակ բերենք։

— Ինձ իմ ձեռի ասեղներն էլ են լույս տալիս, կրակն ի՞նչ եմ անում, ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ,— ասում է ժանյակ գործող աղջիկն ու տեղը պինդ նստում։

— Ես էլ չեմ գնալ,— էն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում,— ինձ իմ միլերի լուսն էլ է բավական։

— Դե՛ վեր կաց դու գնա,— միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային։— Գնա՛ Կախարդ պառավից կրակ առ, բեր։

Վասիլիսան վեր է կենում, գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում․

— Տիկնի՛կ ջան, ա՛ռ, անո՛ւշ արա,
Իմ սև դարդին ակա՛նջ արա։
Ինձ ղըրկում են՝ կրակ բերեմ չար պառավից,
Չար պառավը կուտի հո ինձ․․․
Ասա՛, հոգի՛ս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ։