Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ա՛յ նանի, ոնց որ էս կտավը գործել ես, էնպես էլ պետք է կարես, թե չէ՝ ուրիշ կարող չկա։

Պառավն ասում է․

- Թագավորն ապրած կենա, ո՛չ ես եմ մանել ու գործել էս կտավը, ո՛չ էլ ես կարող եմ կարել։ Մի որդեգրուհի ունեմ տանը, էս նրա ձեռքի գործն է։

- Լա՛վ, որդեգրուհիդ լինի։ Տար տուր նրան, թո՛ղ նա կարի։

Պառավը վերադառնում է տուն, Վասիլիսային պատմում ինչ որ պատահել էր։

- Ես էլ գիտեի, որ էս գործը վերջը ինձ էր հասնելու,- ասում է Վասիլիսան։

Փակվում է իր սենյակում ու սկսում է կարել։ Գիշեր-ցերեկ է անում, կարում, պատրաստում, տալիս է պառավին թե՝ դե տար տուր թագավորին։

Պառավը շապիկն առնում է, տանում պալատը, տալիս թագավորին, իսկ Վասիլիսան երեսը լվանում է, գլուխը սանրում, հագնվում, զուգվում, նստում լուսամուտի առաջն ու սպասում։ Սպասում է, թե տեսնի՝ ի՛նչ պետք է լինի։

Մին էլ էն է տեսնում, որ թագավորի մարդիկը գալիս են պառավի տունը։ Գալիս են, ներս են մտնում ու հայտնում, թե ո՞վ է կարել թագավորի շապիկը, թագավորն ուզում է նրան տեսնի ու ինքը իր ձեռքով վարձատրի։

Վասիլիսան վեր է կենում, գնում թագավորի առաջին կանգնում։ Թագավորի տեսնելն ու սիրահարվելը մին է լինում։

- Էլ ես քեզանից ձեռը քաշողը չեմ, սիրուն Վասիլիսա,- ասում է թագավորը։- Էսօրվանից դու իմն ես, ես՝ քոնը, էսօրվանից իմ կյանքի ընկերն ու իմ աշխարհքի թագուհին ես դու․․․

Ասում է, ձեռիցը բռնում, բարձրացնում, նստեցնում իր կողքին, ու սկսվում է հարսանիքը։ Վասիլիսայի հերն էլ վրա է հասնում, աղջկա բախտավորությունը որ տեսնում է, ուրախանում, աշխարհքովը մին է լինում, ու էն մնալն է, որ մնում է աղջկա մոտ։ Իր մերացու պառավին էլ չի մոռանում Վասիլիսան․ բերում է պալատ, պահում է իրեն մոտ, իսկ տիկնիկից չի բաժանվում մինչև մահը, միշտ, ամեն տեղ պահում է գրպանում։