Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայն միաժամանակ աղաղակեց․ «Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում…ո՞վ եք, ո՞վ, ո՞վ…»։ Դուռը շուտ փակվեց, ձայնը խլացավ, բոլորովին կտրվեց։

Այդ գիշեր ուստա Սիմոնը գնացել էր մոտիկ գյուղը, կարծեմ փուռը շինելու և, երևի, խորը քնած, մի վատ երազ էր տեսնում յուր տան գլխին։

III

Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո, ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից»։

— Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ՝ ես իմ ձեռովը կանեմ…— գոռում էր ուստա Սիմոնը և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից։ Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը։

— Հա՛, անգաճը կկտրես, էլի,— ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին։

Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը՝ Սանդրոն էր։ Մահուդ չուխով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր բաղդադին վզովը ձգած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա։ Հերոսին շրջապատել էին յուր ընկերից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու։

— Կսպանե՛մ, ետո պատասխանը դուք կտաք,— բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին։

— Սպանող ես՝ քու կնիկը պահի, շաշ գետինը մտած,– ձայն տվեց մեկը, և սրան հետևեց ընդհանուր ծիծաղը։

— Սպանիլ մի՛, ուստա Սիմոն ջան, մեղք ա, մուրազի վրա ջահել ա,— հեգնեց մի ուրիշը՝ նոր հռհռոց բարձրացնելով։

Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանաքներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին,

30