Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու մի օրից ետը թե եկա՝ եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»։

Գնում է, գնում է, դուրս է գալիս մի անծանոթ երկիր։ Մի ճամփի վրա մի տնակ է լինում։

Էս տնակին մոտենում է, տեսնում է՝ շեմքումը նստած մի պառավ—զառամ կախարդ կնիկ։ Էս կախարդը հարցնում է, թե՝ ո՞ւր ես գնում։ Թե՝ գնում եմ բախտս գտնելու։

— Ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա,— առաջարկում է կախարդը։

— Որ քեզ մոտ մնամ, ի՞նչ պետք է անեմ։

— Պետք է ձեռիս ջուր ածես, սրբես, շորերս հագցնես, ավլես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելուզի մեջը նայել ես։

Աղջիկն ասում է՝ համաձայն եմ։

Առավոտը կախարդը որ վեր է կենում, էս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքովն անց է կենում, թե՝ ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելուզի մեջը նայեմ։ Նայում է, ի՜նչ է տեսնում․ տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելուզի մեջը կախ արած։ Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն։

Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է․

— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ քորես․ էս օխտը տարի է՝ ոչով ինձ քորել չի։

Աղջիկը ձեռի փետով ձիուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անց կենում, գնում։

Առաջն է գալիս մի ոչխար։ Ասում է:

— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ խուզես․ էս օխտը տարի է՝ ոչով ինձ խուզել չի։

Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անցկենում։

Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ։ Էս օրիգած էծն աղաչում է, ասում է․