Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ տեղփոխ անես։ Էս օխտը տարի է՝ ինձ տեղփոխ չեն արել։

Աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում։

Գնում է, պատահում մի խափան ջաղացի։ Էս խափան ջաղացը խնդրում է, ասում է․

— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ բան գցես ինձ․ էս օխտը տարի է՝ խափան եմ, ոչով ինձ բան չի գցում։

Աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնում, դռան ետևը ձգվում, քնում։

Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է՝ աղջիկը փախել է։ Ակն է տալի ծխնելուզին, տեսնում է՝ էնտեղ էլ քսակը չկա։ Կատաղում է, ընկնում է աղջկա ետևից։

Ճամփին պատահում է ձիուն։

— Ա՛յ ձի,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Հենց նոր էս տեղից փախած անցկացավ, —պատասխանում է ձին։

Կախարդը վազում է։ Պատահում է ոչխարը։

— Ա՜ ոչխար,— ասում է․— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Տեսել եմ,— պատասխանում է ոչխարը։– Մի քիչ առաջ դեսը վազելով՝ անցկացավ։

Գնում և պատահում է իծին։

— Ա՛յ էծ,– ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Ի՞նչպես չէ, տեսել եմ,— պատասխանում է էծը․– հենց նոր դեսը անցկացավ, դեպի էն խափան ջաղացը։

Գնում է խափան ջաղացի մոտ։

— Ա՜յ խափան ջաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Ի՞նչպես չեմ տեսել, նե՛րս արի, հրես իմ դռան ետևը քնած է, — պատասխանո՛ւմ է խափան ջաղացը։

Կախարդը ներս է մտնում, տեսնում է՝ աղջիկը հրես, քսակը գլխի տակին, դռան ետևը քնած։ Ձեռքի կախարդական