Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը։

Ճամփին պատահում է ձիուն։ Ձին աղաչում է․

— Աղջի՛ ջան, աղջի՛,— ասում է․— ի՛նչ կլինի՝ ինձ քորես, օխտը տարի է՝ ինձ քորել չեն։

— Վա՜յ, խեղճ ձի․– ասում է աղջիկը, քսակը մի կողմն է դնում ու քորիչով քորում է ձիուն։

Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում․

— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ խուզես․ էս օխտը տարի է՝ ինձ խուզել չեն։

— Վա՜յ, խեղճ ոչխար,– ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին։

Մի քիչ էլ գնում է, օրիգած էծն է կանչում․

— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ տեղփոխ անես ինձ․— էս օխտը տարի է՝ մի տեղ օրիգած եմ, ոչով ինձ տեղփոխ չի անում։

— Վա՛յ, խեղճ էծ,– ասում է աղջիկը ու տեղփոխ է անում սոված իծին։

Վերջը հասնում է խափան ջաղացին։

— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ բան գցես ինձ,— խնդրում է խափան ջաղացը․– էս օխտը տարի է՝ էսպես կանգնած եմ, ոչով բան չի գցում ինձ։

— Վա՜յ, խեղճ ջաղաց,— կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում, ու ջաղացը գոռում է։

Եվ որովհետև օրը հատում էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևը պառկում, քնում։

Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է՝ աղջիկը չկա։ Ծխնելուզին ակն է տալիս, տեսնում է՝ քսակն էլ չկա։ Կատաղում, փրփրում է, ընկնում է աղջկա ետևից։

Հասնում է ձիուն, ձիուն հարցնում է․

— Ա՛յ ձի,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին չե՞ս տեսել։

— Դու էլ հենց իմանում ես՝ ես էլ բան ու գործ չունեմ, բան ու գործս էն է, որ քո աղախիններին հսկեմ,— պատասխանում է ձին։— Ես ի՞նչ գիտեմ՝ ո՛րտեղ է քո աղախինը, գնա՛, մա՛ն արի, գտիր։