Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Գնում է, հերթով հասնում է ոչխարին, իծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս։ Վերջը հասնում է ջաղացին։

— Ա՛յ ջաղաց,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին չե՞ս տեսել։

— Ի՞նչ ես ասում, էս գոռոցի մեջ լավ չեմ լսում, պատասխանում է ջաղացը․— մոտիկ արի, ականջումս ասա։

Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջումն ասի, ջաղացը նրան բռնում է, պտտում, կոլոլում, տակովն անում, շինում ալուր—աղցան ու շպրտում, ցրվում դեսուդեն։

Կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լինում։ Ջաղացն աղջկանն ասում է․ «Էդ գավազանը վերցրո՛ւ, դրանով զարկի՛ր դռան տակի երկու քարին»։ Աղջիկը կախարդական գավազանով զարկում է դռան տակի երկու քարին, մին էլ տեսնում է՝ առաջը կանգնեցին իր երկու կորած քույրերը։ Փաթաթվում են իրար, համբուրվում ու ոսկով, արծաթով լիքը քսակն առնում, ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ։

Տանը պառավ մերը իր աղջիկներին կորած է համարում ու նստած սուգ անելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում երեքն էլ, ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մին է լինում, ու էն օրվանից ապրում են ուրախ ու ապահով։