Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։

— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…

— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։

Ու Սայիդը շարունակեց.

— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին,

320