Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։

Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։

322