Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։

— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։

Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ

323