աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։
Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։
— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։
Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։
— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։
— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։
— Հապա ի՞նչ ես ուզում։
— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։
Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։
— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։
Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։
Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում