նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։
Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամեքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։
— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։
— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության