Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եղեգնուտում, ուսովն է ձգում ու անհայտանում մոտիկ քարի ետևը։

Սրանից մի քանի օր ետը մերն իր աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում՝ թել, ասեղ, մատնոց և ուրիշ էս տեսակ մանրուք առնելու։ Մի քարքարոտ դաշտով անց կենալիս էս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտուտ եկավ, պտուտ եկավ ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի տակի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում, ու էս ձենի վրա աղջիկները վազում են, տեսնում են՝ իրենց հին ծանոթ թզուկը, արծիվը ճանկել է, ուզում է տանի։ Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկում ու էնքան են արծվի հետ էս կողմ, էն կողմն ընկնում, էնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է, թռչում գնում։ Առաջին սարսափն անց է կենում թե չէ՝ էս թզուկը նորից իր ճղճղան ձենովը աղջիկներին վրա է պրծնում.

— Էս ի՞նչ արիք․ չէի՞ք կարող ավելի քնքուշ ժաժ գալ, հը՞… բարակ շորերս պատառոտեցիք թողիք… անճոռնի անպիտաննե՛ր…

Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփեն, քաղաքում իրենց առուտուրն անում են ու ետ վերադառնում։ Վերադարձին գալիս են, դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են՝ մի իստակ տեղ իր տոպրակը շուռ է տվել, թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե էնպես ուշ էլ անց կենող ու տեսնող չի լինիլ։ Վերջալուսի շողքերն ընկել են փայլուն քարերի վրա, ու գույնզգույն քարերն էնպես են վառվում, շողշողում, հուրհուրատին տալիս, որ աղջիկները տեղները մարում են, մնում հայիլ-մայիլ կտրած՝ մտիկ անելիս։

— Ի՞նչ եք բերաններդ բաց արել, կանգնել,— գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանի գույնի։ Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, մին էլ հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից մի արջ է դուրս

333