Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վազում, հարձակվում վրեն։ Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրա կհասցներ մտնի իր խորշը՝ արջր բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել.

— Իմ սիրելի, իմ տեր արջուկ, առ, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Մտիկ տուր, մի տես, թե ինչ շքեղ անգին քարեր են էնտեղ թափված։ Ինձ բաշխիր իմ կյանքը։ Ի՞նչ օգուտ ես տանելու, եթե սպանես ինձ, էսպես մի փոքրիկ, վտիտ արարածի։ Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևալ։ Ա՛յ, թե ուզում ես ուտես՝ էս անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ․ լորի պես գեր ու տխլիկ․ անուշ պատառ են… սրանց կեր, քեզ անուշ լինի…

Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ է հասցնում, թզուկս տեղնուտեղր հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել։ Արջը ետևներից կանչում է.

— Լուսի՛կ, Վարդո՛ւշ, մի՛ վախենաք, սպասեցե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս։

Աղջիկները ճանաչում են, որ էս իրենց սիրելի արջի ձենն է, կանգնում են։ Արջը մոտենում է նրանց, ու հանկարծ մորթին վրիցն ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտիցը գլուխ ոսկու մեջ կորած.

— Ես թագավորի տղա եմ,— ասում է նա։— Էս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ու հափշտակել իմ բոլոր գանձերը։ Եվ ես դատապարտված էի անտառներում թափառելու մինչև սրա մահը։ Ահա վերջապես սա առավ իրեն արժանի պատիժը, իսկ ես՝ իմ առաջվան պատկերը։

Էստեղից գնում առնում են էն անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում։ Ապա թե թագավորի տղեն ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը՝ Վարդերեսի։ Հետներն առնում են և աղջիկների պառավ մորը, գնում ետ իրենց աշխարհքը, ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սիպտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ՝ կարմիր վարդի թուփը։

334