Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր, գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։

Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում, իրար ետևից ներքև թռչում, տեսնում է, որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։

Աղաչում է, ասում է.

— Նանի՛, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։

— Ոչինչ,— պատասխանում է պառավը,— երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս։ Ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի… Գնա՛…

— Դու իսկի խղճմտանք չես ունեցել, ա՛յ պառավ,— բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի, բայց ո՞րտեղից, կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի։ Դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում։ Իսկ պառավը վրեն ծիծաղում է ու, իր կեռ ձեռնափետը ձեռին, էս կողմն, էն կողմն է թռչկոտում։

— Ինչո՞ւ ես էդպես բարկանում, աղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։

Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր–չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։

Պառավն էլ, քանի գնում են, էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն՝ ավելի ու ավելի ծանրանում։ Վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնգանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ

337