Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նանի՛,– հարցնում է երիտասարդը։

— Ուզեմ–չուզեմ՝ պետք է տանեմ, որդի ջան, ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.

 «Ետ մի՛ նայիլ նոր,
Մեջքդ վաղ է կոր…»։


Ու, երբ տեսնում է՝ երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է.

— Հը՞, գուցե կկամենաս ինձ օգնել։ Մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մի մեծ բան չի սա։ Իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի. ա՛յ, էս սարի ետևի հովտումն է։ Ձեռաց կհասնենք։

Երիտասարդը մեղքանում է պառավին։

— Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։

— Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս խնձորն ու տանձն էլ հետը։

Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ լսում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։

— Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։

— Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են… Շունչս կտրում է…

Ուզում է վեր գցի, պառավը չի թողնում. հեգնում է, ասում է.

— Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է, չի կարողանում… Էդպես է. բանը որ լեզվին գա, կտրիճ եք, իսկ գործի գալիս, ետ-ետ