լիներ ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։
Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են՝ ինչ ուզում է լինի՝ գտնեն պառավին։ Ասում է՝ որտեղ էս մարգարիտը գտնվել է, էնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։
Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։
Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունգովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց, ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ–բո՛ւ, բո՛ւ-բո՛ւ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։
Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ.
— Ժամն եկավ, աղջիկս, գնա արա, ինչ որ անելու ես։
Աղջիկը լուռ վեր կացավ, դուրս գնաց։ Գնաց, գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին երեք կաղնի ծառ էին կանգնած։
Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լուս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լուսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց, որ սիպտակի լուսնի լուսի տակ։ Եվ միանգամից ինչպե՛ս փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձնով արևի շողքերը թափվեն,