Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՐՏԸ

Ժամանակով մի թագավոր է լինում։ Էս թագավորը մի քանի աղջիկ է ունենում՝ մինը մյուսից գեղեցիկ․ բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը․ էնքան սիրուն, էնքան շարմաղ, որ էլ չուտես, չխմես, կանգնես ու մտիկ անես։

Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում․ անտառում, մի հին լորենու տակ՝ մի ջրհոր։ Էս սիրուն աղջիկը սովորություն է ունենում՝ ամեն օր գնում է էն հով տեղը, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկի գնդակը վերև գցում ու բռնում։ Մի օր էլ խաղալիս շատ բարձր է գցում, չի կարողանում բռնի, ու գնդակն ընկնում է ջրհորը։ Վերևից մտիկ է անում, ջրհորը աչքին թվում է անտակ։ Սկսում է աղի–աղի լաց լինել։ Էս լացի ժամանակ հանկարծ մինը ձեն է տալիս․

— Ի՞նչ է պատահել, թագավորի աղջիկ։ Ինչի՞ համար ես էդպես աղի–աղի լաց լինում։

Մտիկ տա աղջիկն, ի՞նչ տեսնի, մի ահագին գորտ ջրհորի պռունգին նստած՝ մարդու նման խոսում է։ Զարմանում է։ Ասում է․

— Խաղալիս գնդակս ջրհորը գցեցի, գորտ ախպեր, նրա համար եմ լաց լինում։

— Ի՛հ,— խնդում է գորտը,— էդ ի՞նչ բան է, որ դրա համար լաց ես լինում։ Ի՞նչ կտաս, որ քո գնդակը հանեմ։

— Ամեն, ամեն բան կտամ,— սկսում է աղաչել աղջիկը,— իմ բոլոր զարդերը կտամ, իմ անգին քարերը կտամ, իմ ոսկե թագը կտամ, միայն թե իմ սիրուն գնդակը հանես։

Գորտը թե․

— Ինչի՞ս են պետք քո զարդերը, քո անգին քարերը, մարգարիտներն ու ոսկե թագը։ Չեմ ուզում։ Ա՛յ ուրիշ

352