Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բան է՝ եթե ինձ սիրեիր ու էնպես սիրեիր, որ ամեն բանում քո անբաժան ընկերը լինեի, քեզ հետ միասին սեղան նստեինք, մի ամանով ուտեինք, մի բաժակով խմեինք ու մի անկողնում քնեինք։ Ա՛յ, եթե էս խոստանայիր՝ էն ժամանակ կցատկեի ջրհորն ու հատակից կհանեի քո ոսկե գնդակը։

— Լա՛վ, լա՛վ, ինչ որ ուզում ես, էդ ամենը խոստանում եմ, միայն թե իմ գնդակը բերես,— խոսք է տալիս թագավորի աղջիկն ու հետն էլ մտքումն ասում է. «Սրան մտիկ տուր, է՜, տխմար կռկռան, մի տես, թե ինչե՜ր է ուզում։ Գնա ջրհորում ճպեխվի ու կռկռացրու, քո ի՞նչ բանն է մարդուն ընկեր դառնաս»։

Գորտը հենց որ էս խոստումը լսում է՝ սուզվում է ջրի տակը, գնդակը գցում է կանաչ խոտի մեջ։ Աղջիկը վրա է թռչում, գնդակը հափշտակում, ուրախ–ուրախ, թռչկոտալով վազում դեպի տուն։ Գորտը կանչում է.

— Կա՛ց, կա՛ց, ինձ էլ տար հետդ… ախար ես քեզ պես վազել չեմ կարող…

Աղջիկը ետ էլ չի նայում, վազում է ընկնում հոր պալատն ու գորտը մտիցը հանում։ Գորտը ետևից նայում է, նայում ու էլ ետ մտնում է ջրհորը։

Մյուս օրը հենց որ թագավորի աղջիկն իր հոր ու պալատականների հետ միասին սեղան է բազմում ու սկսում է ուտել իր ոսկե ամանով, չըլըփ, չըլըփ, մինը մարմար սանդուղքներով բարձրանում է, դուռը ճանկռտում ու կանչում.

— Թագավորի փոքրիկ աղջիկ, բաց արա…

Թագավորի աղջիկը վազեվազ գնում է տեսնի՝ ով է կանչում իրեն։ Դուռը բաց է անում, տեսնում՝ առաջին կանգնած գորտը։ Իսկույն դուռը ետ է զարկում ու վախեցած գալիս է իր տեղը նստում։

— Էդ ի՞նչ էր, աղջիկս, ինչի՞ց էդպես վախեցիր։ Չլինի՞ թե դև կա կանգնած դռան ետևը, ուզում է քեզ փախցնի,— հարցնում է թագավորը։

— Ո՛չ, հայրի՛կ, դև չի, մի անճոռնի գորտ է։

— Գորտն ի՞նչ է ուզում քեզնից։

—Գիտե՞ս, հայրիկ… Երեկ անտառում ջրհորի մոտ խաղ էի անում, հանկարծ իմ ոսկե գնդակն ընկավ ջրհորը… Ես

353