ով որ փորձանքի ժամանակ թանկ էր քեզ համար։ Ինչ որ խոստացել ես, պետք է կատարես։
Ճարահատված աղջիկը երկու մատով գորտի մեջքից բռնում է, տանում իր ննջարանն ու դնում անկյունում։ Բայց արի տես, որ գորտը սրանից էլ չի խրատվում։ Աղջիկը հենց անկողինն է մտնում թե չէ՝ ցատկելով մոտենում է, հատակին կանգնում ու ճզտալով խոսում.
— Հը՜, էդ ի՞նչ է… ես էլ եմ հոգնած… ես էլ եմ ուզում քնե՜մ… ինձ էլ պառկեցրու քեզ հետ…
Էնպես է ասում, որ էս աղջկա սիրտը շարժվում է, ժըպտալով վերցնում է, դնում իր անկողնի վրա։ Դնում է իր անկողնի վրա թե չէ՝ մին էլ էն է տեսնում՝ էս գորտի կաշին տրաքեց, ու միջիցը դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ, կողքին նստեց։ Կողքին նստում է ու պատմում զարմացած աղջկանը, թե ինքը մի թագավորի տղա է եղել, չար կախարդը դարձրել է գորտ, այժմ աղջիկը իրեն հանեց ջրհորից ու վերադարձրեց իր մարդկային կերպարանքը։
Էս տեղից ուրախ-ուրախ վեր են կենում գնում թագավորի մոտ, պատմում են ամեն բան։ Էնպես էլ դուք ուրախանաք, ինչպես որ թագավորն ուրախանում է. մեծ հարսանիք է սարքում ու նրանց պսակում իրար հետ։
Հարսանքից հետո նորապսակները պիտի գնային թագավորի տղի հայրենիքը։ Առավոտը վաղ գալիս է դռանը կանգնում ութ ձիանի կառքը, ձիանքը սիպտակ ջայլամի բարձր փետուրները գլխներին, ողջ սարքերը՝ ոսկեղեն, իսկ կառքի ետևը կանգնած թագավորի տղի հին ծառան՝ Հավատարիմ Օհանը։ Ու էսպես, իր Հավատարիմ Օհանը թիկունքին, ջահել կինը կողքին, թագավորի տղեն սլանում է դեպի հայրենիք։
Շատ է գնում թե քիչ, մին էլ հանկարծ ճանապարհին ականջովը մի ձեն է ընկնում, թվում է, թե կառքի ետևը մի բան կոտրեց։ Ետ է դառնում կանչում.
— Ի՞նչ էր, Օհա՛ն, կա՞ռքը կոտրեց։
|