Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։


— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։

— Մեզ հետ կերար դու միասին
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի։


Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է քնում։ Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։

Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակնուվրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից։

Առավոտը աչքը բաց է անում, ի՞նչ է տեսնում։ Տեսնում է՝ պառկած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորած դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում–վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.

— Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։

— Լա՛վ, լա՛վ, գնացեք,— պատասխանում է քնաթաթախ աղջիկը,— հիմի վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։

Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ…

Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ.

— Լսի՛, սիրուն աղջիկ։ Ես էս երկրի թագավորի որդին

361