Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիպտակ ծխնելույզն է, որ փայլում է արևի տակ։— Իսկ Հենզելը կտուրի վրա նայելու մասին իսկի չէր էլ մտածում, նա ետ ընկնելով իր գրպանի սիպտակ քարերն էր ցանում ճամփին։

Հենց որ հասնում են անտառի խորքը, հերն ասում է.

— Դե՛, երեխե՛ք, փետ հավաքեցեք, ձեզ համար կրակ անեմ, որ չմրսեք։

Ձեռաց Հենզելն ու Գրետելը ցախ են հավաքում, բերում կիտում։ Ցախը վառում են, բոցը վեր է բարձրանում։ Խորթ մերը ասում է.

— Դե՛, երեխե՛ք, դուք կրակի կողքին պառկեցեք ու հանգստացեք, իսկ մենք գնանք մի քիչ հեռու փետ անենք. պրծնենք թե չէ՝ կգանք ձեզ էլ կվերցնենք, միասին կգնանք տուն։

Հենզելն ու Գրետելը կրակի կողքին նստում են, ճաշելու ժամանակն էլ որ գալիս է, ամենքն իրենց հացի կտորն ուտում են։ Եվ որովհետև կացնի ձեն էին լսում, հավատացած էին, որ իրենց հերը մոտիկ մի որևիցե տեղ է։ Բայց որ թրխկացնում էր, էն կացինը չէր, մի կոճղ էր, որ փայտահատը կապել էր մի չոր ծառի, քամուց գնում էր գալիս, զարկում ծառի բնին ու թրխկացնում։ Ու էսպես, երեխեքը երկար-երկար նստում են, աչքները հոգնածությունից փակվում են իրանց-իրանց, ու խորը քնում են։

Մին էլ վեր են կենում, տեսնում են՝ արդեն մութ գիշեր է։

— Ո՞նց պետք է էս անտառից դուրս գանք, Հենզել։

Հենզելը սիրտ է տալիս.

— Մի քիչ կաց, հրես լուսնյակը դուրս կգա, ճանապարհը կգտնենք։

Հենց որ լուսինը դուրս է գալիս, Հենզելը քրոջ ձեռքը բռնում է ու գնում իր ցանած քարերով, որոնք արծաթի փողերի նման պսպղում էին ու ցույց տալիս ճանապարհը։

Ամբողջ գիշերը էսպես մինչև լույս գնում են ու լուսաբացին հասնում են իրենց տունը։ Դուռը ծեծում են։ Խորթ մերը բաց է անում ու թեև շատ է զարմանում, որ տեսնում է Հենզելն ու Գրետելն են, բայց ասում է.

— Ա՛յ դուք չար երեխեք, էսքան ժամանակ ի՞նչ եք անտառում

365