Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնել ու մնացել, մենք էլ կարծում էինք՝ էլ չեք ուզում մեզ մոտ վերադառնաք։

Իսկ հերն ուրախանում է, որովհետև նրա սիրտը ցավում էր, որ իր երեխաներին մենակ անտառում էր թողել։

Մի քիչ ժամանակ անց կենալուց ետը նորից սով է ընկնում ամեն տեղ, ու նորից երեխաները լսում են, թե ինչպես իրենց խորթ մերը գիշերը հորն ասում է.

— Էլ ետ ինչ ունեինք–չունեինք, կերանք։ Մենակ մի կես հաց է մնացել, էն էլ որ կերանք՝ մեր բանը պրծած է։ Պետք է էս երեխանցը հեռացնենք։ Տանենք անտառն, էս անգամ ավելի խորը, որ էլ չկարողանան ճամփա գտնեն ու ետ գան, թե չէ՝ էլ մեզ փրկություն չկա։

Էս բանը քարի նման ճնշում է հոր սիրտը, ու միտք է անում՝ ավելի լավ է՝ էն մնացած վերջին պատառն էլ բաժանի իր երեխաների հետ։

Բայց ինչ որ ասում է, կինը ոչ մի բան չի ուզում լսի, հենց մի գլուխ հայհոյում է ու նախատում։ Դե, ով որ այբն ասել է, բենն էլ պետք է ասի։ Փայտահատն էլ, որ մի անգամ արդեն կնոջ հետ համաձայնել էր, երկրորդ անգամ էլ պետք է համաձայներ։

Իսկ երեխաները, դու մի ասիլ՝ քնած չեն ու էս բոլորը լսում են։ Մեծերը քնում են թե չէ՝ Հենզելը տեղից վեր է կենում, ուզում է առաջվա նման էլի դուրս գնա ու պաշարի համար գրպանը լափուկներով լցնի, խորթ մերը դուռը փակած է լինում, չի կարողանում դուրս գնա, բայց էլի քրոջն ամեն կերպ սիրտ է տալիս.

— Լաց մի լինիր, Գրետել ջան, դու հանգիստ քնիր քեզ համար։ Աստված ողորմած է, մեզ չի կորցնիլ։

Առավոտը ծեգին խորթ մերը գալիս է, տեղներիցը վեր կացնում։ Ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, հացի կտորն էլ՝ առաջվա տվածիցն ավելի փոքր։ Եվ ահա անտառը գնալիս ճամփին Հենզելը գրպանում շարունակ մանրում է իր հացի կտորը, շուտ-շուտ ետ մնում ու ցանում ետևներից։ Հերն ասում է.

— Հենզել, դու քա՞նի կանգնես ու չորս կողմի վրա հորանջես. ճամփեդ գնա, էլի՜։

366