Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Ես էլ եմ ուզում մի բան տանեմ տուն,— ու նա էլ գոգնոցն է լցնում պռնգեպռունգ։

— Դե հիմի գնանք, հեռանանք էստեղից,— ասում է Հենզելը։— Քանի լուս է, պետք է դուրս գանք էս կախարդված անտառից…

Մի քիչ որ ճանապարհ են կտրում, հասնում են մի գետակի։

— Մենք ի՞նչպես անցնենք էս գետն,— ասում է Հենզելը։— Ոչ անց ունի, ոչ կամուրջ։

— Գոնե մի նավակ էլ չկա,— վրա է բերում Գրետելը։ — Ահա մի սիպտակ բադիկ է լողում․ արի խնդրեմ, գուցե մեզ օգնի, անց կացնի…— ու կանչում է.

Բադի՛կ, բադի՛կ, սիրուն բադիկ,
Լող տուր դեպ մեզ, արի մոտիկ,
Շվարել ենք Հենզելն ու ես,
Առ քո մեջքին, անց կացրու մեզ։

Բադիկը մոտենում է ափին, Հենզելը նստում է բադիկի մեջքին ու քրոջը կանչում է, որ նա էլ գա գավակին նստի։

— Չէ՛,— պատասխանում է Գրետելը,— բադիկը չի կարող երկուսիս էլ միասին տանի, ծանր կլինի։ Ջոկ-ջոկ կտանի։

Էդպես էլ անում է բարի թռչունը։

Ջուրը որ անց են կենում ու մի քիչ ճանապարհ են գնում, անտառը հետզհետե ծանոթ է թվում, ու, վերջապես, նկատում են իրենց հորական տունը։ Էստեղ սկսում են վազել ինչքան ոտներումը ուժ ունեին, ներս են թափվում ու ընկնում են իրենց հոր վզովը։

Հերն էլ մի հանգիստ ժամ չէր ունեցել էն օրվանից, ինչ երեխանցը թողել էր անտառում, իսկ խորթ մերը արդեն մեռել էր։

Գրետելը իր գոգնոցը բաց է թողնում ու միջի եղածը հոր առաջին շուռ տալիս, էնպես որ մարգարիտները ու անգին քարերը շաղ են անցնում տանովը մին, իսկ մյուս կողմից էլ Հենզելն է բուռնեբուռը հանում ու թափում իր գրպանից։

Էստեղ էլ ամեն ցավ ու հոգս վերջանում են, ու ապրում են միասին ուրախ ու անհոգ…