առաջը կանգնեցնում, հրում է դեպի բոցավառ փռան բերանը։
— Մտի՛ր,— ասում է,— գնա տես, փետերը լա՞վ են դարսած, լա՞վ են էրվում, խմորը գնդելու ժամանա՞կն է, թե չէ։
Ուզում է՝ Գրետելը կռանա թե չէ, բոթի գցի փուռը, ծածկոցը դնի, որ Գրետելը փռումը խորովվի, հետո հանի ուտի։ Բայց Գրետելը գլխի է ընկնում, թե պառավի մտքումը ինչ կա, ասում է.
— Ես չեմ իմանում ինչպես անեմ, որ մտնեմ մեջը…
— Հիմար անասուն,— բարկանում է պառավը,— չե՞ս տեսնում ահագին փռան բերանը․ ըհը՛, մտիկ արա, քիչ է մնում՝ ես էլ մտնեմ մեջը…
Ու ճիշտ որ, տմբտմբալով մոտենում է փռանը, մինչև անգամ գլուխն էլ փռան բերնից ներս է կոխում։ Էստեղ Գրետելը հանկարծ ետևից էնպես է ներս բոթում պառավին, որ ընկնում է փռան մեջը, իսկույն ետևիցը ծածկոցը ամուր դնում է ու փակիչը ետևից գցում։
Պառավը ոռնում է, ո՜նց է ոռնում… Բայց Գրետելը ետ է վազում, ու անխիղճ վհուկն էլ էնպես էրվում է պրծնում։
Գրետելը իսկույն վազում է Հենզելի մոտ, հավանոցի դուռը բաց է անում ու աղաղակում․
— Հենզե՛լ, Հենզե՛լ, մենք ազատվեցինք, չար պառավը կործանվեց…
Դուռը բացվում է թե չէ՝ թռչունի նման, որ վանդակում փակված կլինի ու դուռը բաց կանեն, Հենզելը դուրս է թըռչում։ Ո՜նց են ուրախանում երկուսով, ո՜նց են ուրախանում… իրար ճտով են ընկնում, թռչկոտում են, համբուրվում են և, որովհետև ոչ ոքից վախ չունեին, գնում են մտնում պառավի տնակը, իսկ պառավի տնակի բոլոր անկյուններում դարսված են լինում մարգարտով ու անգին քարով լիքը սնդուկները։
— Էս մեր դռան լափուկներից հո ավելի լավն են,— ասում է Հենզելն ու գրպանները ինչքան որ կտանեին, լցնում է, իսկ Գրետելն ասում է.