Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ ի՞նչ ես տանում գոգնոցումդ։

— Գաթա ու գինի եմ տանում։ Մենք երեկ գաթա թխեցինք, տատիկս հիվանդացել է, թուլացել է, տանում եմ, որ գաթեն ուտի, գինին էլ խմի, ուժի գա։

— Քու տատը որտե՞ղ է ապրում։

— Անտառում, մի քառորդ ժամի ճամփա էլ կա մինչև էնտեղ։ Էնտեղ երեք կաղնի ծառ կա, էն ծառերի տակին է նրա տունը, ա՛յ, էն, որ չորս կողմն էլ տկողնի ցանկապատ ունի. հիմի կարելի է՝ հիշես։

Կարմրիկն էսպես խոսում է, իսկ գելն իրան–իրան միտք է անում.

— Էս փոքրիկ, քնքուշ աղջիկը ի՜նչ անուշ պատառ է… սա ավելի համով կլինի, քան թե պառավը։ Ապա, քեզ տեսնեմ, մեր տղա, բանդ էնպես խելքով բռնի, որ ջուխտն էլ ճանկդ գցես։

Մի քիչ Կարմրիկի հետ գնում է ու ասում.

— Մի դեսը մտիկ արա, է՛, Կարմրի՛կ, տես ի՜նչ հիանալի ծաղիկներ են փռված մեր չորս կողմը։ Մի չես կանգնում ու չես հիանում սրանցով։ Մի լսի՛ր, տես՝ թռչուններն ի՛նչ ուրախ երգում են։ Հենց ուղիղ քշած, սուսուփուս գնում ես, կարծես թե ուսումնարան ես գնում։ Մի տես, ի՜նչ ուրախություն է անտառում…

Էստեղ գլուխը վեր է քաշում Կարմրիկը, չորս կողմն աչք ածում, տեսնում է՝ ծառերի տերևների արանքից էստեղ–էնտեղ ներս են թափանցում ու խաղում են արևի շողքերը, իսկ կանաչ խոտի մեջ ցրիվ բարձրանում են գույնզգույն անհամար ծաղիկները։ Մտքումն ասում է.

— Տատի համար, որ մի փունջ ծաղիկ էլ տանեմ, հո շատ կուրախանա։ Դեռ ժամանակ էլ կա, կհասնեմ…

Ասում է, ճամփից դուրս է գալիս, անտառն ընկնում ու սկսում ծաղիկ քաղել։ Մինը պոկում է, տեսնում է՝ նրա կողքին ավելի գեղեցիկն է ծաղկում, հիմի էլ էն կողմն է վազում. էսպիսով էլ ավելի ու ավելի հեռու, անտառի խորքն է մտնում։

Իսկ էս ժամանակ գելը կարճ ճամփով տատի տունն է հասնում ու դուռը ծեծում։

374