Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ ո՞վ է։

— Կարմրիկն եմ, քեզ համար գինի ու գաթա եմ բերել, դուռը բաց արա։

— Դռան փակիչին հուպ տուր, կբացվի,— ներսից ձեն է տալիս տատը։— Ես թույլ եմ, չեմ կարող վեր կենալ։

Գելը դռան փակին հուպ է տալիս, դուռը ետ է բացվում։ Լուռ հարձակվում է անկողնի վրա ու պառավին ողջ–ողջ կուլ տալիս։ Հետո նրա շորերը հագնում է, նա գլխակապիչը կապում, անկողնում պառկում ու վերմակը քաշում վրեն։

Իսկ Կարմրիկը էնտեղ մի ծաղկից մյուս ծաղիկն է վազում ու երբ որ էնքան շա՛տ-շա՛տ ծաղիկ է քաղում, որ տեսնում է՝ էլ չի կարող տանի, նոր տատը միտն է ընկնում, դարձյալ ընկնում է ճամփեն, վազում դեպի տատի տունը։

Որ հասնում է տատի տունը՝ զարմանում է, թե դուռն ինչու է կրնկի վրա բաց։

Ներս է մտնում, սիրտը մի վախ է ընկնում։ Ասում է՝ «Տեր աստված, միշտ իմ տատի մոտ էնպես լավ էր, էսօր ինչո՞ւ եմ էսպես վախենում…»։ Մտքումն էսպես է ասում ու ձեն է տալիս.

— Բարի լո՛ւս, տատի՛ ջան։

Պատասխան չկա։ Մոտենում է տատի անկողնին, վերմակը ետ է քաշում։ Տեսնում է՝ տատը պառկած է, բայց չի իմանում՝ ինչու գլխակապիչը ներքև է քաշել ու էնպես տարօրինակ է նայում որ…

— Վա՜յ,— ասում է,— տատի՛, էդ ի՜նչ ահագին ականջներ ունես…

— Էս նրա համար է, որ քեզ լավ լսեմ, բալի՛կս…

— Վա՜յ, տատի՛,– էդ ի՜նչ ահագին աչքեր ունես…

— Էս նրա համար է, որ քեզ լավ տեսնեմ, բալի՛կս…

— Վա՜յ, տատի՛, էդ ի՜նչ ահագին ձեռներ ունես…

— Էս նրա համար է, որ քեզ ավելի լավ գրկեմ, բալի՛կս…

— Բայց, տատի՛, էդ ի՜նչ սարսափելի մեծ բերան ունես…

— Իսկ էս նրա համար է, որ քեզ շուտով ուտեմ…

375