Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1895-1907

Գիքորը

1

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

- Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,- լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մի խաղաղ առավոտ էր․ մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։

Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի․ «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։

Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց․ գյուղը ծածկվել էր բլուրի ետև։

Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։

- Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա՛,- որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։

Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։

- Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜,- ցույց տվավ Գիքորը

37