Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ժաժ ե՛կ, իմ ծա՛ռ, ձըգիր զառ–վառ
Ոսկի–արծաթ շոր ինձ համար։

Էս անգամ ճերմակ թռչնակը մի էն տեսակ ճոխ ու շքեղ զգեստ է գցում ներքև, որ աշխարհքում հողեղեն մարդը ո՛չ ունեցել է, ո՛չ կունենա. իսկ ոտնամանները՝ զուտ ոսկուց։

Էս զգեստը հագին, զուգված–զարդարված որ հանդիսի մեջ դուրս է գալիս, ամենքն էլ արմանքից ու զարմանքից քշվում, վերանում են։ Իսկ թագավորի տղեն սկսում է հետը պարել, շարունակ պարել, ով որ էլ մոտենում է, ասում է.

— Չէ՛, մենակ ես պետք է պարեմ սրա հետ…

Էլ ետ որ մութն ընկնում է, Մոխրոտն ուզում է գնա, թագավորի տղեն էլ ուզում է ուղեկցի, բայց էնպես ձեռաց սահում է ու չքանում, որ տղեն չի էլ կարողանում ետևիցը հասնի։ Միայն թե թագավորի տղեն էս անգամ խորամանկություն էր բանեցրել։ Հրամայել էր, որ պալատի սանդուղքները ձյութեն։ Սանդուղքները ձյութած են լինում, ու, շտապ իջնելու ժամանակ, աղջկա ձախ ոտնամանը կպչում է սանդուղքին, մնում։

Թագավորի տղեն ոտնամանը վերցնում է ու վրեն զարմանում, թե ինչքան է փոքրիկ ու ինչքան է սիրուն, էն էլ զուտ մաքուր ոսկուց։

Մյուս օրը վեր է կենում, ոտնամանն առնում, գնում Մոխրոտի հոր մոտ։ Ասում է՝ կա թե չկա, նա պետք է լինի իմ կինը, ում ոտին էս ոտնամանը կգա։

Խորթ քույրերը ուրախանում են։ Իրենք էլ փոքրիկ, սիրուն ոտներն են ունենում։ Մեծ քույրն իսկույն խնդմնդալով իր սենյակն է վազում․ մերը կողքին կանգնում է, ինքը ոտնամանը ոտի վրա փորձում է։ Փորձում է, բայց փոքր է գալիս, ինչ անում է, չի անում, մեծ մատը ոչ մի կերպ ներս չի գնում։ Մերը դանակը հանում է, իրեն է տալիս, ասում է.

— Ա՛ռ, մեծ պճեղդ կտրի․ վախիլ մի՛, որ թագուհի դառնաս, ոտով հո չե՞ս ման գալու։

Աղջիկը դանակն առնում է, մեծ պճեղը կտրում, ոտը

384