Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։
Գնում է տեսնում՝ բադերը բակում ջրափին հավաքված, իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.
— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է․․․
Ծառան տեղնուտեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոհարարին ասում է.
— Հապա մի էս բադը մորթի․․․ բավական գերացել է․․․
— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։
Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակեղիս, ըհը՛, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։
Իհարկե, սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։
Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։
Թագավորը համաձայնվում է. ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։
Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզ և ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն