Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։

— Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք։

Ու վեր է կենում երիտասարդը էս տեղից ճամփա ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի–անպատմելի աղմուկ-աղաղակ, հարահրոց։ Մինն էլ ձի նստած՝ փողոցեփողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա, մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորփ աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ՝ էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղային տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ՝ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կա՛մ հանես, կա՛մ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր, աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն․ էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկի մատանին մեջը։

391