Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խնձորի՝ իր բուռն ընկնելը մին է լինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք, ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկն խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում, ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։