Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1916


ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿԸ

Լինում է, չի լինում՝ մի հարուստ վաճառական։ Ունենում է երեք աղջիկ, մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը։ Ինքն էլ ո՛չ կնիկ է ունենում, ո՛չ ուրիշ մոտիկ մարդ. ո՛չ կյանքն ու կայանքը, ո՛չ արծաթն ու ոսկին աչքին չեն գալիս, իր ամբողջ սերը տալիս է աղջիկներին։ Երեքին էլ սիրում է, բայց ամենից շատ սիրում է փոքրին։ Մի անգամ էս վաճառականը վեր է կենում՝ թե գնա հեռու աշխարհքներ առուտուրի։ Երեք աղջկանն էլ կանչում է, ասում է. «Ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ»։ Մեծ աղջիկն ասում է. «Ես մի անգին քարերով զարդարած ոսկե ապարոշ եմ ուզում»։ Միջնեկն ասում է. «Ինձ համար մի մաքուր ու անբիծ բյուրեղից շինած հայելի բեր»։ Փոքրն էլ թե՝ «Ինձ համար էն Կարմիր ծաղիկը բեր, որից գեղեցիկը էլ աշխարհքումը ո՛չ կա, ո՛չ կճարվի»։ Փոքր աղջկա խոսքի վրա վաճառականը մտքի տունն է ընկնում, ասում է. «Դու քույրերիցդ ավելի դժար բան ուզեցիր, աղջի՛կ ջան։ Քո ուզած Կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի, և ես ի՞նչ իմանամ՝ նրանից գեղեցիկը աշխարհքումը էլ կա՞, թե՞ չկա»։

Վեր է կենում, գնում աշխարհքից աշխարհք, երկրից երկիր անց է կենում, առուտուր է անում, շատ գանձ ու հարստություն է վաստակում, բեռներ կապում, ճամփու դնում դեպի տուն։ Մեծ աղջկա ուզած անգին քարերով զարդարած ապարոշն էլ է գտնում, որ գիշերը ցերեկի նման լուս էր տալիս, միջնեկ աղջկա ուզած բյուրեղյա հայելին էլ է գտնում, որի մեջ երևում էին աշխարհքի բոլոր գեղեցկությունները,

394