Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տասնուչորս տարին էլ որ անց է կենում, էնպես մի գեղեցիկ աղջիկ է դառնում, որ էն հուր-հրեղեն արևի նման շափաղին է տալիս։ Հենց էդ ժամանակն էլ մի օր Լուսմերիկը նրան իր մոտն է կանչում, ասում է.

— Աղջիկս, ես հեռու ճանապարհ պիտի գնամ։ Պիտի գնամ աշխարհքում տխուր մարդկանց մխիթարելու, լացողների արտասուքը սրբելու։ Մինչև իմ վերադարձն ահա քեզ եմ տալիս իմ բնակարանի բանալիները։ Ահա 13 բանալի։ Էս 12 բանալին որ տեսնում ես, 12 սենյակն էլ բաց կանես ու ման կգաս, կնայես, իսկ էս ոսկի բանալին 13-րդ դռանն է, էս բանալին ամուր կպահես, էն դուռը բաց չես անիլ, եթե բաց արիր, իմացիր, որ անբախտ կլինես։

Աղջիկը խոսք է տալիս, որ կպահի իրեն տված պատվերը, ու Լուսմերիկը գնում է թե չէ՝ սկսում է բաց անել ու նայել Լուսեղեն աշխարհքի ապարանքները։ Օրը մի դուռն է բաց անում ու էսպես հերթով 12 դուռն էլ բաց է անում, ման գալիս, հիանում, հրճվում արարչագործության սքանչելիքներով՝ իրեն շրջապատող բարի ոգիների հետ։ Միայն մի դուռն է մնում անբացանել, էն 13-րդ դուռը, ու սաստիկ վառվում է աղջկա հետաքրքրությունը, ինչ ուզում է լինի՝ ուզում է իմանա, թե ինչ կա էնտեղ, մի անգամ մոտիցն անց է կենում, երկրորդ անգամ դիտմամբ գալիս է մոտիկանում, երրորդ անգամ դիմում է ոգիներին.

— Ի՞նչ կա որ,— ասում է,— մի բան, որ Լուսմերիկը չի իմանալ․ մի քիչ ծերպ անենք, նայենք, տեսնենք ինչ կա էնտեղ։ Հո կրնկի վրա բաց չեմ անիլ դուռը, ոչ էլ ներս կմտնեմ, միայն մի քիչ ծերպ կանենք ու էնտեղից կծիկրակենք…

Բարի ոգիներն ասում են.

— Չէ՛, էդ մեղք է։ Լուսմերիկն արգելել է։ Դրանից քեզ դժբախտություն կգա։

Աղջիկը պատասխան չի տալիս․ երեսանց էնպես է ցույց տալիս, թե հանգստացավ, բայց չի հանգստանում ցանկությունը նրա սրտի մեջ, կրծում է ու տանջում։ Եվ ահա մի անգամ էլ բարի ոգիները, որ իրանից հեռանում են, ասում է. «Դե՛, հիմի հո մեն-մենակ եմ. կգնամ բաց կանեմ, կնայեմ, ո՞վ պետք է իմանա, որ ես նայել եմ»։

416