Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Ասում է, բանալին հանում։ Բանալին որ մին ու <մին> պատրաստ ձեռին էր, կողպեքի մեջը կոխեց, իսկ երբ որ բանալին կողպեքի մեջն էր, էլ ինչ էր մնում, պտտեց, բաց արավ…

Դուռը ետ գնաց, ու մի լույս զարկեց երեսին, տեսավ մի պայծառ կրակ հուրհուրատին տալով՝ էրվում է ինքն իր մեջ…

Դու մի՛ ասիլ՝ անմահության կրակն է, որ կա, որից ծնվում են անմահ ոգիները։

Արմացած, զարմացած մտիկ է տալիս, ու աչքերին չի հավատում։ Մատը մոտեցնում է էն պայծառ լուսին, մատը իսկույն ոսկի է դառնում։ Սարսափը բռնում է, դուռը փակում է ու ետ վազում։ Բայց ինչ անում է, չի անում, ահը չի անցնում սրտիցը, սիրտը զարկում է ու զարկում կրծքի մեջ ու չի հանգստանում, ոսկին էլ ինչքան լվանում է ու քերում, մատիցը չի վեր գալիս։

Մի քիչ ժամանակից հետո Լուսմերիկը վերադառնում է իր ճանապարհորդությունից։ Աղջկանը իր մոտ է կանչում ու 13 դռան բանալին էլ ետ է պահանջում։ Աղջիկը բանալիների խրձակը (փունջ) որ տալիս է, Լուսմերիկը նայում է աչքերին ու հարցնում.

— 13—րդ դուռը բաց ես արե՞լ, թե չէ։

— Չէ՛,— պատասխանում է աղջիկը։

Լուսմերիկը ձեռքը դնում է նրա սրտին ու տեսնում է՝ ինչպես է հուզված տրոփում, իմանում է, որ աղջիկը իր պատվերը զանց է արել։ Երկրորդ անգամ է հարցնում.

— Ճշմարի՞տ ես ասում, որ բաց չես արել։

— Չէ՛,— նորից պատասխանում է աղջիկը։

Էստեղ Լուսմերիկը նկատում է, որ լուսի փելքից նրա մատը ոսկեզօծվել է. պարզ տեսնում է, որ աղջիկը մեղք է գործել, ու երրորդ անգամ է հարցնում.

— Ուրեմն, բաց չե՞ս արել։

— Չէ՛,— երրորդ անգամ ուրանում է աղջիկը։

— Դու իմ պատվերը չես կատարել ու դրա հետ միասին դեռ սուտ ես ասում, դրա համար մեզ հետ մնալու արժանի չես դու։

417