Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 Ասավ Լուսմերիկը թե չէ՝ աղջիկն ընկավ մի խորը քնի մեջ։ Մին էլ աչքը էնտեղ է բաց անում, որ պառկած է գետնի վրա, մի ամայի, անբնակ տեղում։ Ուզում է օգնություն կանչի՝ ձենը դուրս չի գալի։ Տեղիցը վեր է թռչում, ուզում է փախչի, բայց որ կողմը վազում է, թանձր ու խիտ տատասկը ճամփեն կտրում է։ Էդտեղ մի փչակ կաղնի ծառ է լինում։ Մտնում է էս ծառի փչակը։ Գիշերը մտնում էր մեջը քնում, ցերեկն՝ անձրևից ու քամուց պատսպարվում։ Ու քանի հիշում է, թե ինչպես լավ էր էն լուսեղեն աշխարհքում, թե ինչպես էին բարի ոգիները խաղում իրեն հետ՝ լա՜ց է լինում, լա՜ց է լինում։ Ուտելիքն էլ էն վայրենի պտուղներն ու արմատներն են լինում, ինչոր գտնում էր իր ծառի մոտերքում։ Աշունքը թափած ընկուզն ու չոր խաշամը (տերևը) հավաքում էր իր փչակը, ձմեռը որ գալիս էր, ընկուզով կերակրվում էր ու ձնին, ցրտին վայրենի գազանի նման մտնում էր էն չոր խաշամի մեջը, տաքանում։ Մի կողմից էլ հագի շորերը մաշվում են, ծվեն-ծվեն են լինում, վրիցը վեր թափում։ Իսկ արևը մի քիչ ծիծաղում էր թե չէ՝ դուրս էր գալիս, ծառի տակը նստում՝ ոտից գլուխ երկար մազերը վրեն փռված։ Տարիներով էսպես ապրում է էս աշխարքի ամեն պակասություն ու ամեն նեղություն տանելով։

Մի անգամ էլ, գարունքվա կանանչին, ծառի տերևակալած ժամանակը, էն երկրի թագավորը անտառը որսի է դուրս գալիս։ Ընկնում է մի եղնիկի ետևից։ Եղնիկը փախչում է, գալիս թաքչում հենց էն թփուտներում, որ շրջապատում էին էն հին ծառը։ Թագավորը ձիուց ցած է գալիս, թուրը հանում ու թփերը ջարդելով իրեն համար ճամփա է բաց անում։ Որ թփուտն անց է կենում, դուրս է գալիս ծառի տակը, տեսնում է առաջին մի ակն ու արեգակ աղջիկ, ոտից գլուխ ծածկված ոսկի մազերով։ Կանգնում է, զարմացած մտիկ է տալիս, մտիկ ու վերջապես հարցնում է.

— Էդ ո՞վ ես դու, ինչու ես էստեղ, էս վայրի տեղը նստած։

Աղջիկը պատասխան չի տալիս, չի կարողանում բերանը բաց անի։

Թագավորը նորից հարցնում է.

418