Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Առավոտը, որ հայտնվեց, թե երկրորդ երեխեն էլ է անհայտացել, առաջվանից ավելի բաց, համարձակ սկսեցին խոսել ու տարածել, թե թագուհին ինքն է կերել իր երեխին, իսկ թագավորի մոտիկները թագավորին խորհուրդ էին տալիս դատի հանձնել իր կնոջը։ Բայց թագավորը էնքան սրտալի էր սիրում իր կնոջը, որ չէր ուզում հավատա չարախոսությանը ու հրատարակեց, թե խոսողի գլուխը կթռչի։

Մյուս տարին մի սիրուն աղջիկ ծնեց։ Երրորդ անգամ հայտնվեց Լուսմերիկն ու ասավ.

— Հետևիր ինձ։

Թագուհու ձեռիցը բռնած տարավ լուսեղեն աշխարհքը, ցույց տվեց էնտեղ նրա առաջվա երեխաներին, որոնք ծիծաղելով խաղում էին աստղերի հետ։

Թագուհին ուրախությունից չէր իմանում ինչ անի։ Լուսմերիկն ասավ.

— Մի՞թե քո սիրտը դեռ չի փափկել։ Եթե կխոստովանես, որ դու բաց ես արել արգելած դուռը, ետ կտամ քեզ քո երեխաներին։

Բայց թագուհին երրորդ անգամ պատասխանեց.

— Չէ՛, ես բաց չեմ արել արգելած դուռը…

Ու Լուսմերիկը խլեց նրա երրորդ երեխին ու իրեն էլ ցած ձգեց երկնքից։

Առավոտը, որ էս լուրն էլ տարածվեց, թե երրորդ երեխեն էլ է չքացել, ամբողջ ժողովուրդը միաբերան սկսեց գոռալ.

— Մեր թագուհին մարդակեր է… դատաստան ենք պահանջում… պատի՜ժ ենք պահանջում…

Ու թագավորն էլ չկարողացավ դիմադրի իր խորհրդականներին։ Դատ բաց արին թագուհու դեմ և, որովհետև նա ոչ կարողանում էր խոսի, ոչ էլ արդարանում էր, վճռեցին բարձրացնեն խարույկի վրա։ Փետ բերին կիտեցին, խարույկ կազմեցին, թագուհուն բարձրացրին խարույկին, պինդ կապեցին սյունին, ու չորս կողմից կրակի բոցերն սկսեցին բորբոքվել ու բարձրանալ, հանկարծ էդ ժամանակ կոտրվեց նրա գոռոզությունը, սիրտը լցվեց զղջումով ու սկսեց միտք անել. «Ո՜վ, եթե կարողանայի մահից առաջ խոստովանել, թե ես եմ բաց արել արգելած դուռը՜…»։

420