Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղա Սուրենը, որ արդեն Ներսիսյան դպրոցի չորրորդ դասատանն էր։ Այս այն Սուրենն է, որ Թիֆլիսից միշտ նամակ էր գրում Վահանին և հորդորում, թե գյուղումը մի՛ մնալ։ Մի անգամ էլ եկավ դարբնի տղա Գրիգորը, որ հինգերորդ դասատանից դուրս էր եկել, մտել մի գրասենյակ։ Նրանց յուր կոշտ ձեռքերով, մի տեսակ պատկառանքով բարևեց Վահանը, զգաց իրան և նրանց միջի առաջ եկած զանազանությունը և լուռ վիրավորվեց յուր մեջ։

Միասին գնացին հանդն զբոսնելու։ Սուրենն ու Գրիգորը մի հին քանդված վանք կամ մի արձան տեսնելիս խոսացին դարերից ու հայոց պատմությունից, կարծես թե դիտմամբ Վահանին զարմացնելու համար, մինչև անգամ հիշում էին, թե այս լուսամուտը[1] գոթական ճարտարապետության նմուշ է, այս սյունի բեկորը հունական (բյուզանդական), այս կամարն արաբական․․․ սկսում էին վիճել ֆիզիկայից, բնագիտությունից, ալգեբրայի, մաթեմատիկայի անուն էին տալիս․ այդ բոլորից Վահանը ոչինչ չէր հասկանում[2], հպարտությունից չէր էլ հարցնում և լուռ նախանձից ալեկոծվում էր սրտումը։

— Ինչո՞ւ չես քաղաք գալիս, եղբայր, ափսոս չի՞, որ ժամանակդ անցնում է զուր․ մի՞թե լավ է, որ միշտ տավարած մնաս․․․ չէ՛, Վահան, աշխատիր գոնե այս տարի գալ․․․ մենք էլ կօգնենք, կպատրաստենք, գուցե Արհեստավորաց ուսումնարանը կարողանաս մտնել․․․— հանդիմանում ու հորդորում էին ընկերները։

— Ա՛յ տղա, էն ա մինումին բաններս ձախ ա ընկել, էսօր էգուց ասելով եմ մնացել․․․ Դե հերս էլ մենակ՝ մեջք[3] տվող մարդ-քումակ չուներ․․․ ա՛յ հիմի էս տարի մի քիչ շունչներս մեզ ենք հավաքել․․․ հիմի անպատճառ կգամ։

Դարձյալ հանդիմանեցին ու հորդորեցին ընկերները, որ չմնա գյուղում և գնացին քաղաք։ Վահանն այս անգամ էլ նրանց ճանապարհ դրեց, ետևներից նայելով մնաց գյուղում և սկսեց մտածել։

  1. կամարը
  2. [և]
  3. [ձեռը]

430