Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Որ աղջիկ պարոնը ներս է գալի, տեղիցդ ընչի՞ չես կանգնում, որդի,– խրատում էր նա Գիքորին, – որ բան են հարցնում, ձեն հանի․․․ ո՞նց կըլի էդպես․․․

Պառավին դեդի էին ասում։

Դեդին սովորեցնում էր Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա․․․

Բացի պառավ դեդին, ամենքը նեղացնում էին նրան։

Բազազի «դուքանի, աշկերտներն» էլ շարունակ ծաղրում էին նրան, «քիքի» էին կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։

Բայց էս բոլորը տանելի բաներ էին։

Անտանելին էն էր, որ նա չէր կարողանում քաղցին դիմանա։ Իրենց տանը, երբ սովում էր, գնում էր տաշտիցը հաց Էր առնում, կճուճիցը պանիր էր հանում, ուտելով գնում խաղալու կամ թե չէ՝ փեշն էր դնում, գնում հանդը։ Երբ ուզում էր՝ մի ծառի տակի կամ աղբրի վրա նստում էր ուտում։

Հիմի էստեղ ուրիշ տեսակ էր։ Ինչքան էլ սոված լիներ պետք է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար, էն էլ ամենքն ուտեին, ետո ինքը։ Էդ անիծած ժամանակն էլ էնքան ուշ էր գալի, որ խեղճի սիրտը քամ էր ընկնում, թրթռում։

Մին, երկու, տասը համբերելուց ետը նա սկսեց չորս կողմն աչք ածել խոհանոցում, թե արդյոք մի բան չի գտնիլ ուտելու, որ սիրտը կանգնեցնի, մինչև ճաշի ժամանակը գա։

Սկզբում ինչ գտնում էր՝ չոր հացի փշրանք, կրծած ոսկոր թե ուրիշ բան, գցում էր բերանը։ Մի քիչ ետո մտածեց խոհանոցի պահարանները որոնել։ Ապա թե սովորեց կերակուրի պղնձից կիսեփ մսի կտոր դուրս քաշել․․․

Բայց եթե նկատեի՜ն․․․

Ինչ վատ բան դուրս կգա՜ր․․․

Եթե նկատեի՜ն․․․

Հապա ի՞նչ անես․․․

Թողնե՞ս, փախչե՞ս․․․

Եվ Գիքորն սկսեց մտածել փախչելու մասին։

42