Բայց ո՞նց փախչես, ո՞ր կողմը փախչես, մենա՛կ, ճամփա չգիտես, մարդ չես ճանաչում․․․ իսկ հերը․․․
Էնքան չարչարվեց, խոսեց, խրատեց՝ «Օրեր են, որդի, կմթնեն, անց կկենան․․․»։
Եվ ահա Գիքորի գլխում հնչում է հոր խանձված ձենը՝ «Օրեր են, կմթնեն, անց կկենա՜ն․․․ անց կկենա՜ն․․․»։
5
Զանգը տվին։
Գիքորը վեր թռավ։ Ասել էին, թե երբ զանգը տալիս են, գնա տեսնի՝ ով է, ինչ է ուզում։ Նա դուրս եկավ, պատշգամբից նայեց, տեսավ մի պարոն ու մի քանի տիկին դռան առաջը կանգնած։
– Էդ ո՞վ եք, հե՛յ,– ձայն տվավ վերևից։
Ներքևից վերև նայեցին։
Տիկինները ծիծաղեցին, իսկ պարոնը ակնոցներն ուղղելով, հարցրեց.
– Աղջիկ պարոնը տա՞նն է։
– Ի՞նչ եք անում,– հարցրեց Գիքորը։
Ներքև ծիծաղն ավելի սաստկացավ։
– Քեզ հարցնում են՝ տա՞նն է, թե չէ։— բարկացավ պարոնը։
– Բան ունե՞ք։
Էս աղմուկի վրա տիկինը դուրս եկավ։
– Քրքրվես դու, գնա դուռը բաց արա, շո՛ւտ,– ճչաց ու սկսեց անիծել Գիքորին և իր ամուսնուն։ Բայց շուտով հյուրերն երևացին, և նա ժպտալով դիմավորեց։
– Ա՜, բարև, բարև․․․ Էս ո՞ր խաչիցն էր, ի՞նչպես է, որ մտաբերեցիք․․․
– Էս ո՞րտեղից եք գտել,– ոտից գլուխը Գիքորին չափելով, հարցրեց պարոնը, իսկ տիկինները շարունակ ծիծաղում էին։
– Ի՞նչ եք նախանձում, կուզեք ձեզ տանք,– կատակի տվավ տիկինն, ու հյուրերը խնդալով ներս մտան։