Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիքորին շտապով մի տեղ ուղարկեց ու նրանց ետևից իսկույն ներս մտավ և տիկին Նատոն։

Իրար առողջություն հարցնելուց ետը հյուրերն սկսեցին պատմել իրենց ներս մտնելու պատմությունը, և դուրս եկավ մի ահագին պատմություն։

– Օ՜ֆ, սիրտս մաշել է,– գանգատվում էր տիկին Նատոն,– թե իմանաք՝ ինչ եմ քաշում ես դրա ձեռիցը․․․ Ասում եմ՝ դուրս անենք կորչի, բայց դե Արտեմի բնավորությունը գիտեք, էլի, ասում է՝ մեղք է, գեղացի երեխա է, թող կենա, մի կտոր հաց է, ուտի, կսովորի․․․ Ախր էլ ե՞րբ․․․ սիրտս մաշեց․․․

– Օ՛հ, օ՛հ, օ՛հ, էդ ծառաների բանն էլ մի՛ ասի,– էս ու էն կողմից սկսեցին բողոքել տիկին հյուրերը։

Մի կես ժամ խոսեցին դեսից-դենից, ծառաներից, քաղաքի նորություններից։ Հենց էդ խոսակցության ժամանակ ներս մտավ քրտնած Գիքորը։

– Աղջիկ պարոն, միրգը բերի։

– Հա, լավ, գնա՛,– հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հյուրերն սկսեցին ծիծաղել։

– Աղջիկ պարոն, խազեինն ասում էր՝ բալը թանգ ա, հարկավոր չի․․․

Էս խոսքերի վրա հյուրերից ոմանք պոռթկացին, ու թաշկինակով բերաններին հուպ տվին, ոմանք էլ տանտիկնոջ խայտառակությունը ծածկելու համար վկայեցին, թե իրավ բալը շատ թանգ է, էս ժամանակին ով է բալն առնում։ Ապա սկսեցին հանդիմանել, թե ի՞նչ հարկավոր Է միրգը, հո ուտելու համար չեն եկել, ի՞նչ են նեղություն քաշում․․․

Տանտիկինը, մինչև ականջակոթերը կարմրած, աշխատում էր մի կերպ եղածն ուղղի։

– Ով գիտի ինչ է ասել, չի հասկացել էս հիմարը։

– Ով սուտ ասի՝ գետինը մտնի,– երդվեց Գիքորը, ու ամեն բան լրացավ։