Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԵՐՍԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Բայց՝ ա՜խ, երանի[1] եմ տալիս ձեզ, թեև ես եմ խմում այժմ մեր սառն աղբյուրների ջրերը, շրջում դալարագեղ դաշտերը սիրած տեղերում ու անտառներում, սիրված ու գուրգուրված հարազատներով. երանի, երանի ձեզ. դուք երևի պատահում եք նրան, տեսնում եք նրան։

Այստեղ վայր ձգեց նամակը և լուսամուտից աչքերը ձգեց հեռո՜, հեռո՜ւ, սարերի գլխովը– երկնքին, այնտեղ մի պայծառ աստղ[2] ամպի կտորի թևի տակին ծածկվում է[3], նայում էր նա, և նրա հուսո կայծերն ևս նմանապես ծածկվում էին սև մտածմունքների մեջ․․․

Տերտերն ու գյուղացիք վաղուց էին գնացել-քնել։ Ամբողջ գյուղը մրափում էր լուռ։ Սուրենը միայն նստած իրանց փոքրիկ սպիտակ «օթախում», արթուն Էր։

Նրա լուսամուտից երևում էր իրանց գյուղը։

Գիշերվա մթության մեջ Սուրենը նայում էր նրան և նմանացնում թախծալի հոգու խորհրդավոր մտածողության։

Այստեղ են բերում նամակը– իսկ իմ աղպոր[4] համար [հարցրի] ադվակատներին, հարիր մանեթ ուզեց– էն էլ ասում ա– մի երկու տարի բերդումն էլի կնստի։

ԳԱՆԳԱՏ[5]

Թիֆլիսեցի մի սևաշոր կին կոնսիստորն է մտնում ու մոտենում գրագրին։

– Բարով, վուրթի։

– Բարով, դեդի, ի՞նչ ես ուզում։

– Մաշ էհենց բան կուլի․․․ առաջնորդը վո՞ւրտիղ է։

– Էլ ի՞նչ պիտի ըլի. հայութինը վերջացիլ է, պրծել։

– Ի՞նչ է պատահել։

– Էլ ինչ պատահի՝ փեսես փախիլ է։


  1. [այս]
  2. [փայլելով մտնում էր սև]
  3. [ա՜խ եփե նա էլ լիներ նայելիս այն աստղին, մտածում էր նա, եթե ես նայեի այն տեղին]
  4. [մասին]
  5. [ԲՈՂՈՔ]