Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Ահա խնդիրը կանգնած է մեր առաջ։ Էջմիածնում ծափահարել են մեր հայրապետին…

— Այստեղ է՜, գտել ե՜մ, եկեք…— հանկարծ դուրսն աղմկելով ներս են թափվում մի խումբ երիտասարդներ։ Նրանցից մեկը ձեռքին մի արծաթյա պսակ հառաջ է գալիս և ոգևորված խոսում.


Պարոն խմբագիր,

Դուք ձեր ազգօգուտ թերթում ձեր ուժեղ ձայնը բարձրացրիք և տասը տարի շարունակ անխոնջ կռվեցիք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին քանդողների դեմ…

Այստեղ ընդհատելով, գռ՜ռ՜, դարձյալ ներս խուժեցին։

Պսակներ ու պատգամավորներ Բալախանից, Կիլիկիայից, Ղարաբաղից… նախասենյակը թնդում է՝ «շնորհավորում ենք ձեր տասնամյակը, կեցցե՜ «Նոր-Դարը» «…

— Էստեղ չի՜, «Նոր-Դարն» էստեղ չի՜, պարոննե՜ր,— գոռում եմ ես,— բայց ո՞վ է լսում։

Մտնում են մի խումբ կանայք և օրիորդներ, բերում են մի թավիշյա բարձ.

«Պ. խմբագիր,

Թողեք այս թանկագին բարձի վրա հանգչի ձեր թանկագին գլուխը, որ մտածում է հայ կնոջ իրավունքների մասին…»

— Ես չե՜մ, տիկիննե՜ր, ես չեմ…

Բայց աղմուկը խլացնում է իմ ձայնը։

— Կեցցե՜ «Նոր-Դարը», շնորհավորում ենք ձեր տասնամյակը։

Խռնված ժողովուրդը ճեղքելով մոտենում է հեռագրատան ծառայողը. մի խուրջին հեռագիրներ է թափում առաջս. բոլորը «Редакция Нор-Дар»։

— Не я՜… господа, не я՜…— աղաղակում եմ։

Բայց ներքև սանդուղքները ջարդելով գալիս են նոր խմբեր. արդեն ականջիս ձայներ են հասնում. «Դուք տասը տարի անխոնջ… դուք տասը երկար տարիներ քաղցած…»։

Լցվում են ներս։

Դարձյալ ընծաներ։