Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



– Չէ։ Բայց ես «Մշակ» եմ ստանում, դե[1] խո չի կարելի համ թերթ ստանալ, համ բարեգործականի անդամ գրվել, համ հրատարակչականի․․․ Որտեղ կհասնի։ Բարեգործություն է ուզում մարդ, կարող է առանձին, թաքուն էլ անել։ Թե չէ այդ ի՞նչ է, 5 ռուբլի են տալիս, 25 ռուբլու դարտակ-դարտակ խոսում․․․ Վերջապես, ես չեմ սիրում ամեն տեղ ինձ ցույց տալ։

– Հա[2], ես գիտեմ, դուք չեք սիրում․․․

– Բայց ի՞նչ տեսաք, ի՞նչ լսեցիք։

– Համարյա թե բան չլսեցի, որովհետև երբոր խոսում էին, ես տեսածիս մասին էի մտածում։

– Ինչ էր այդ։

– Ես սրանից մի քանի տարի առաջ էլ անդամ էի այդ ընկերության․․․ Վերնատան ժողովի։ Այն ժամանակ դահլիճի առաջին կարգերում երևում էին շատ փայլուն գլուխներ և այնպիսի մարդիկ, ինչպես պպ. Թամամշյան, Մանթաշյան, Աբգար Հովհաննիսյան, Եվանգուլյան, Սունդուկյան, իշխ. Բեհբուտյան և այլն, և այլն։ Իսկ այն գիշեր նրանց տեղերն այնպիսի ջահելներ էին նստած, որ կարծեցի, թե Ներսիսյան դպրոցի VI դասատունն եմ մտել․․․ այնպիսի ջահելներ[3], չգիտեմ՝ նրանց ինչ ժամանակն է բարեգործության մասին մտածելու և ինչպես են[4] հոգու բաներով զբաղվում նրանք, որ ավելի շուտ կարող էին կազմել մի ամուսնասիրաց ընկերություն․․․

Իսկ առաջ դրանց տեղը նստած էին լինում, ինչպես ասացի, այնպիսի մարդիկ․․․

– Այո՛, այո՛, նստած էին լինում։

– Հիմա որտե՞ղ են նրանք։

– Չգիտեմ ճշմարիտ, և բարեգործական ընկերությունն էլ, որ, ինչպես ասացին, խանութե խանութ, մարդիկ է որոնում, դժվար թե նրանց տեղն իմանա։

– Ի՞նչ եք կարծում, էլ չե՞ն վերադառնալ նրանք։

– Իրավն ասած, այդ դժվար հանելուկ է և նույնիսկ

  1. [դեհ]
  2. [Այո]
  3. [որ]
  4. [նրանք]