Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱՂ<ԱՓԱՐՅԱՆ>– Ավելի պարզ եթե ասեմ, պետք է ասեմ՝ այդ անբարոյական գործ է։

Եվ այլն, և այլն։

Տիկինը նշաններ է ցույց տալիս հավանության– նրան հանգստացնում են։

Վերջն ուզում են քվեարկել։

Գաղ<ափարյանի>[1] հետ տիկինն էլ է ուզում կանգնել, նրան[2]շփոթում են. նա նստում է, միայն մի երկուսն են կանգնում, ծիծաղ, հրհռոց, զանգ։

– Անցա՜վ, անցա՛վ։

Բայց ես կարծում եմ, նա ճշմարիտ էր ասում։

– Տիկին, դուք նրան չեք ճանաչում[3]։

Գնում <են> ընթրելու– կուսակցական քեֆ։
Գաղ<ափարյանի> տանը– կնոջ հետ տեսարան։
Օրգիան անցնում է լուսամուտի տակից։
Կնոջ հետ։

Մյուս օրը տիկինը յուր տանը պատմում է ուրիշներին, թե ինչ ժողով էր այն, թե իրան վատ չընդունեցին, թեև մերոնց կոպտությունը <․․․>։

– Բայց պ. Կավալերյանը, թե ինչպես ընդունեց․ տեր աստված, նա հոգի է կատարյալ, զգացմունք է ամբողջ։

Մի տիկ<նոջ> գանգատվում է, որ ինքը սիրտ չունի, յուր ամուսինն իրան չի հասկանում, շարունակ ընտանեկան կռիվներ։

ՏԻԿ<ԻՆ>.– Դուք այնպես եք կարծում, որ մեր տանը չկա, որ ամեն մեկի տանը չկա ընտանեկան՝ անբավականություն։ Դրանք, ինչպես կարելի է, որ չլինեն։ Դրանք անխուսափելի և չնչին բաներ են, պետք է դրանք թողնել, ցավ չդարձնել մեզ համար, միակ հոգսը չդարձնել։ Այդ բոլորը չնչին բաներ են հրապարակում եղած գործերի առջև։

  1. [հետ միայն մի]
  2. [նստեցնում են]
  3. [ՏԻԿ<ԻՆ>․– Ո՞վ։ Ցրվում են]