Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ


ԳՐՈՂԻ ԿՅԱՆՔԻՑ

Ես ու օրիորդ X սիրում էինք իրար․ նա եկավ իմ առանձնասենյակը— ես ցույց տվեցի իմ գրադարանը և սկսեցի Շեքսպիրը գովել— պատմել— թե ինչպես եմ սիրում, և այլն։

Նա հանկարծ ծիծաղեց, սկսեց քամահրել իմ կուռքը և գոնե քաղաքավարության նշույլ անգամ չտվեց։

Ես նրան ատեցի այդ րոպեից, մենք շուտով սառանք— և նրա մի ընկերուհին ինձ ցույց տվեց նրա մի նամակը— թե ինչպես էր նա խանդոտվել, նախանձվել, երբ իմացել էր, թե ես Շեքսպիրին այնքան եմ սիրում, որ ոչ մի բան այնքան— և երբ լսում է Շեքսպիրի անունը կամ տեսնում է, ուզում է պատռել։


<ՎԻՃՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ>

Վիճում են բոլորովին այլ բանի մասին— երբ տեսնում է, որ տարվում է գոռում է— ոչ, ես թույլ չեմ տալ[1] ոտքելու հասարակության իրավունքը, դուք բռնաբարում եք, ազգերը դարերով կռվել են այդ իրավունքների համար— մարդկության լավագույն զավակները․․․

Դուք այսօր ուզում եք ժողովրդին, բայց կզարթնի այդ ժողովուրդը[2]— նա մեզ հետ է— նա թույլ չի տալ ձեզ ոտքելու յուր սրբազան իրավունքները[3], դուք չեք սարսափում[4] ժողովրդի ներկայությունից (ամբոխը հուզվում է ու աղմկում)։

(Այս բոլորից հետո, հերոսը միայնակ տանը— ծանր է, ծանր, ծանր)։


  1. տալ[ու]
  2. [ես և]
  3. [ահա նա]
  4. [նրա]