Մի քանի լոռըցի ճանապարհի վերա մի հատ կոշիկ են գտնում։ Այս ի՞նչ կլինի, ի՞նչ չի լինիլ․․․ բայց և ոչ մեկը չէ կարողանում բացատրել, թե ի՞նչ բան է դա։
– Ինչ որ ա քյոխվեն անպատճառ կիմանա,– որոշում են նրանք և բերում ցույց են տալիս քյոխվին։
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,– հեգնում է քյոխվեն,– ըտե՞նց պտեք դուք աշխարհքը կառավարվիլ, բա հլե՞ ինչը հասկանըմ չեք՝ էս է՞լ չեք հասկանըմ ի՛նչ ա։
– Հա դե մենք ինչ տենք հասկանալ, բռի մարդիկ ինք, դու մարթ ես տեհել, աշխարհ ես տեհել, պրիստավի կուշտն էս գնացել, էտ ի՞նչ ա։
– Քլնգի բուն ա ի՛նչ ա,– բացատրում է հասկացող քյոխվեն։
Լոռըցի հովիվը ձայն է տալիս մի սարից դեպի մյուսը, իրեն ընկերին։
– Հե՜յ՜յ Համբո, Համբո, ադա, քե մատաղ, էն ըքանց ըքին ասես ձեր իքն ըքել ա իքա ըքել, եկեք ըքեցեք, թե չէ էն իքը կգա կըքի, կասեք դուք եք ըքել, այսինքն, էն Մարկոսանց Ղուկասին ասա ձեր էծը ծնել ուլ է բերել, եկեք տարեք, թե չէ գայլը կգա կուտի, կասեք դուք եք կերել։
Լոռըցու մեկը, մի ուրիշ գյուղացի աղջկա հետ նշանադրված լինելով՝ գնում է մի օր աներանց գյուղը նշանածատես։ Որովհետև ամառնային ժամանակ է լինում, տանեցիք բոլորը կալումն են լինում, բացի մեր երիտասարդի նշանածից՝ որը նրա բախտից, միայնակ տանն է լինում և սրահը ավելով սրբում։
Երիտասարդը ցանկանալով մի շատ քաղցր, սիրային խոսքով դեպի իրեն գրավել յուր սիրուն նշանածի ուշադրությունը,